Վերջին նորություններ

«ՄՄ անդամ դառնալուց հետո պետք է մոռանալ նորմալ տրանսպորտով երթևեկելու մասին». Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը ապրիլի 4-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հասարակական տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովի հրապարակած արդյունքները համարեց անհեթեթ :

Նշենք, որ ըստ հանձնաժողովի կատարած հաշվարկների՝ միկրոավտոբուսի ուղեվարձը պետք է լինի 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով աշխատող ավտոբուսի ուղեվարձը՝ 196 դրամ: Պրն Չիլինգարյանի կարծիքով՝ ուղեվարձի կարեւոր բաղադրիչներից մեկը ֆինանսական հոսքերն են: «Եթե այդ հոսքերը չեն վերահսկվում, սակագնի մասին խոսք գնալ չի կարող»: Կարեն Չիլինգարյանը առաջարկում է տրանսպորտի միջոցներում սկսել կիրառել տոմսարկղեր. «Ինչպես քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ Հայաստանում այս կերպ հնարավոր կլինի վերահսկել գումարները եւ դրանից ելնելով որոշել, թե որքան պետք է կազմի տրանսպորտի սակագինը: Այս կերպ կիմանանք, թե որքան գումար է օրվա մեջ շրջանառվում ուղեւորափոխադրման արդյունքում»: Պրն Չիլինգարյանը առաջնահերթ խնդիր չի համարում էլեկտրոնային չվացուցակները եւ ժամանակակից կանգառները, որոնք տեղադրված են Երեւանի փողոցներում. «Այդ չվացուցակները ընդհանրապես ճիշտ էլ չեն աշխատում եւ ես իմաստ չեմ գտնում դրանց վրա այդքան գումար ծախսելու մեջ: Նաեւ այն նորաձեւ կանգառների վրա նույնպես ահռելի քանակությամբ գումարներ են ծախսվել»:

Հ/կ-ի նախագահի խոսքերով, ավելի լավ կլիներ չվացուցակների եւ կանգառների փոխարեն չբարձրացնել տրանսպորտի գինը, եւ այդ գումարները ուղղորդել ավելի բարձրորակ սպասարկմանը: Պրն Չիլինգարյանը, խոսելով միկրոավտոբուսներից, վրդովմունքով նշեց այն փաստը, թե ինչպես կարելի է ուղեւորներին տեղափոխել «Գազել» մակնիշի մեքենաներով, եթե դրանք ստեղծված են բեռնափոխադրման համար: Նրա պնդմամբ՝ Մաքսային միություն մտնելուց հետո ընդհանրապես կարելի է մոռանալ արտասահմանյան այլ մակնիշի մեքենաների մասին, քանի որ օգտագործվելու են միայն ռուսական արտադրության անհարմար մեքենաները : «ՄՄ մտնելուց հետո պետք է մոռանալ նորմալ տրանսպորտով երթեւեկելու մասին»: Բանախոսը կողմ կարծիք հայտնեց տրանսպորտի վերահսկման մեկ օպերատորի համակարգին, որը կկարողանար ղեկավարել թե՛ վերգետնյա եւ թե՛ ստորգետնյա տրանսպորտը: