top of page
Վերջին նորություններ

Կարեն Չիլինգարյան. Ջրի սակագնի բարձրացումն անընդունելի է


«Երեւան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը News.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե հունվարի 1-ից Երեւանում ջրի սակագինը կբարձրանա:

«Պետք է սահմանվի մեկ ամբողջական սակագին: Հաշվի առնելով, որ Երեւանում ջրի սակագինը համեմատաբար ավելի ցածր է, քան մարզերում, մեկ միասնական սակագին սահմանվելուց հետո մայրաքաղաքում ջուրը կթանկանա, մարզերում՝ կէժանանա: Թե ինչքանով, այս պահին չեմ կարող ասել, մոտ երկու շաբաթից պարզ կլինի»,- ասել էր նա:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Սպառողների խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ: Նա նշեց, որ ընկերությունը դեռ սակագնի բարձրացման հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. «Երբ բարձրացման հայտ լինի, նոր կարող ենք խոսել, քննադատել»:

Նա հավելեց, որ «Երեւան ջուրը» կարող է սակագները հավասարեցնել. «Արմավիրի մարզում մոտ 200 դրամ էր, քանի որ ստորգետնյա պոմպերի միջոցով են հանում ջուրը գետնի տակից: Մարզեր կան, որ էժան են, մարզեր կան՝ թանկ են, Երեւանը համեմատաբար էժան է, քան Արմավիրի մարզը: Բայց համենայն դեպս, մենք միշտ էլ պայքարելու ենք, որ գոնե չբարձրանա՝ նույն սակագնի բերվի, ինչ որ Երեւանում»:

Կարեն Չիլինգարյանը ընդգծեց, որ ցանկացած թանկացում սպառողի գրպանին է խփում եւ անընդունելի է սակագնի բարձրացումը. «Եթե մեզ մոտ աշխատում են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման ուղղությամբ, այդ ֆոնին, եթե ջրի թանկացում լինի, մի քիչ բացասական ազդեցություն կունենա ե՛ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ե՛ւ ջուր մատակարարող ընկերության համար: Ես հույս ունեմ, որ չի թանկանա, բայց եթե թանկացման հայց ներկայացվի, ինչ խոսք, դեմ ենք արտահայտվելու»:


bottom of page