top of page
Մեկանգամյա արտոնության տրամադրում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից

 

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ համակարգն անցել է Ապահովադիրների (ավտոսեփականատերերի) վրա հիմնված բունուս-մալուս համակարգին, ինչպես նաև, հիմք ընդունելով ԱՊՊԱ ոլորտի առաջին 5 տարիների վիճակագրությունը, կատարվել են սակագների հաշվարկում կիրառվող ռիսկայնության գործակիցների ճշգրտումներ (առանձին գործակիցներ բարձրացվել են, մյուսները՝ իջեցվել կամ թողնվել անփոփոխ, իսկ որոշ գործոններ չեզոքացվել են սակագների հաշվարկում): Կատարված փոփոխությունների արդյունքում՝

  1. հանրային տրանսպորտի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 80%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունը չի փոփոխվել, իսկ մոտ 20%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչև 28.000 դրամի չափով,

  2. տաքսիի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 71%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունն աճել է տարեկան մինչև մոտ 28.600 դրամի չափով, իսկ մոտ 29%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչև մոտ 17.000 դրամի չափով:

 

Ընդ որում, նշված բոլոր դեպքերում նվազած, անփոփոխ կամ ավելացված ապահովագրավճարի շրջանակներում ավտոսեփականատերերին պատկանող բոլոր տրանսպորտային միջոցները համարվել են համապատասխան կարգի վարորդական իրավունք ունեցող անսահմանափակ թվով վարորդների վարման հնարավորությամբ պատշաճ ապահովագրված:

Միևնույն ժամանակ՝ ավտոսեփականատերերի Բունուս-Մալուս համակարգին անցմամբ պայմանավորված հանրային տրանսպորտի և տաքսիների ոլորտում վթարների մեծ քանակ ունեցող մեկից ավելի ավտոմեքենաների սեփականատերերը հայտնվել են բարձր մալուսային դասերում, որը հանգեցրել է տվյալ անձանց համար վերջնական ապահովագրավճարի բարձրացման, ինչն առաջացրել է որոշակի անցումային ցնցումներ և լարվածություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ՝

  1. իրականում անցման արդյունքում ստացված պատկերը օբյեկտիվ է, հիմնավորված և արդար, քանի որ արտացոլում է ինչպես տաքսի և հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներն, այնպես էլ տվյալ ավտոսեփականատերերի պատահարների իրական վիճակագրությունը և իրենց գործընթացների կառավարման անարդյունավետությունը: Ստացված պատկերն ըստ էության ապահովում է ավտոսեփականատերերի ռիսկայնությանը համապատասխան ապահովագրավճարների գանձումը՝ ավելի բարձր ռիսկային խմբերի համար սահմանելով ավելի բարձր և ավելի ցածր ռիսկայինների համար՝ ավելի ցածր ապահովագրավճարներ:

  2. տվյալ սեփականատերերի բարձր մալուսային դասերում հայտնվելը վկայում է, որ այդ անձանց կառավարման ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն, իրականում ունենալով վթարների բարձր վիճակագրություն, ԱՊՊԱ համակարգի նախորդ՝ վարորդների պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգի շրջանակներում շարունակել են ապահովագրվել բոնուսային կամ ավելի ցածր մալուսային դասերով, ինչը կարող է վկայել իրականությանը չհամապատասխանող վարորդների հայտարարագրման կամ վարորդներ փոխելու բավական բարձր վիճակագրության մասին (իրական կամ հայտարարված):

 

Այնուհանդերձ՝ հաշվի առնելով առկա մի շարք սոցիալական խնդիրները, ինչպես նաև այն, որ հանրային տրանսպորտի և տաքսիի ոլորտների խնդիրները մեր հանրության համար ներկայումս բավական զգայուն են՝ Բյուրոյի խորհուրդը որոշել է և ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է կանոններ հանրային տրանսպորտի և տաքսիների ոլորտում մեկից ավելի ավտոմեքենա ունեցող և մալուսային դասերում գտնվող Ապահովադիրներին ի հաշիվ ԱՊՊԱ համակարգի 4 մալուսային դասերի նվազեցման միջոցով մեկանգամյա արտոնություն տրամադրելու վերաբերյալ (մեկանգամյա արտոնություն տրամադրելու կանոնների մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://paap.am/datas/zdocs/5da8d25a91c8bae411305ff2154726c1.pdf ):

Տրամադրված արտոնությունը սահմանող կանոններն ուժի մեջ են մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին և տարածվելու են դրանից հետո կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ:

ԱՊՊԱ համակարգն անցնում է Ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին), և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու:

Ուշադրություն՝

  • Հորդորում ենք ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բունուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ:

  • Մինչև սույն թվականի սեպտեմբերի մեկը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերն սեպտեմբերի մեկից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված, և այդ պայմանագրերում ևս վարորդներ ավելացնելու,  փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ օն-լայն եղանակով Բյուրոյի կայքի միջոցով:

                Ապահովադիրների բոնուս – մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում սույն թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://paap.am/index.php?al=announcements&pid=2&id=330&act=more   ։

Կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտում (ավելացում կամ պակասեցում), ինչպես նաև սակագների հաշվարկից հանվել են վարորդների տարիքը և վարորդական ստաժը հաշվի առնող ռիսկային գործակիցները: 

 

                                                                                            Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Լավ լուր վարորդների համար․

ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ

      

 

2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները:

Հիշեցնում ենք, որ՝

1. համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել  պատահարը, եթե

  • պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,

  • պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,

  • վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,

  • տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում  100.000 դրամը:
     

2. նման դեպքերում  անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`

  • առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,

  • լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,

  • ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,

  • տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:
     

Այս փոփոխությամբ պայմանավորված որոշակիորեն խմբագրվել է նաև համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://paap.am/pages.php?al=announcements&pid=2&id=327&act=more:

Համաձայնեցված հայտարարագրի ձևը կարող եք ստանալ նաև Ձեր ապահովագրական ընկերությունից,Ձեր ապահովագրական գործակալից, Բյուրոյից կամ ճանապարհային ոստիկանից:

                                                                                                                                                        

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից

 

2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։ Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝

  1. պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,

  2. մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,

  3. պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին:
     

Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն:

Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։

 

Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝
 

  1. համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող պատահարներից բացի գույքային վնասներով բոլոր այլ ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն միայն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ,

  2. պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին և վարորդներն այդ փաստաթղթերը Բյուրոյին կամ ապահովագրական ընկերություններին ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա:

 

Ճանապարհային ոստիկանությունը նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ:

                                                                                                                                                        

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Լավ լուր հանրության համար.

Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է  առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն

      

 

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.paap.am կայքի «ԱՊՊԱ առցանց հարցումներ» բաժնում ստեղծվում է հնարավորություն առցանց եղանակով կատարել հարցումներ և ստանալ տեղեկատվություն ԱՊՊԱ ոլորտում հետևյալ ընդհանրացված տվյալների վերաբերյալ՝

  1. հարցման պահի դրությամբ ապահովադրի բունուս-մալուս դասի մեծությունը և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող որոշակի տվյալներ,

  2. հարցվող ամսաթվի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայության և պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության վերաբերյալ,

  3. հարցման ամսաթվի դրությամբ ԱՊՊԱ ոլորտում վարորդի ապահովագրական պատմության (վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած վթարների) որոշ մանրամասների վերաբերյալ։

 

Հարցումների արդյունքում ստացվող տեղեկատվության ձևերին և կառուցվածքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://paap.am/index.php?al=announcements&pid=2&id=330&act=more

                                                                                                                                                        

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը

      

 

ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով ինքնուրույնաբար գրանցվող պատահարի վնասի շեմը 100.000 դրամ բարձրացնելու կապակցությամբ որոշակիորեն խմբագրվել է համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով ՝http://paap.am/index.php?al=announcements&pid=2&id=327&act=more : Համաձայնեցված հայտարարագրի ձևը կարող եք ստանալ նաև Ձեր ապահովագրական ընկերությունից, Ձեր ապահովագրական գործակալից, Բյուրոյից կամ ճանապարհային ոստիկանից:

Բոլորին հորդորում ենք նշված ձևից մի քանի օրինակ մշտապես ունենալ ավտոմեքենաներում:

                                                                                                                                                        

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

bottom of page