top of page

«Էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում». Կարեն Չիլինգարյան

 

«Էլեկտրոնային հաշվիչներն ամենուր խախտումներով են աշխատում.դա մասսայական բնույթ է կրում». այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

 

Պարոն Չիլինգարյանը վստահեցրեց, որ ՀԷՑ-ը ոտնահարում է սպառողների իրավունքները. «Էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում. դա են վկայում կատարված մոնիթորինգի արդյունքները: Ստացվում է, որ նաև խախտվում են ԷՄՕԿ-ի (Էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ) դրույթները»:

 

Ինչպես նշեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի նախագահը՝ դեռևս հոկտեմբեր ամսին արձանագրված խախտումները ներկայացրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու պահանջել մոնիթորինգ անցկացնել. «Դեռ մի քանի ամիս առաջ խնդրի մասին ահազանգելուց հետո՝ մենք որոշեցինք մոնիթորինգ անցկացնել: Դիմեցինք ՀԿԾՀ-ին, որտեղից էլ պատասխանեցին, որ մոնիթորինգ անցկացնելը նպատակահարմար չէ»:

 

Կարեն Չիլինգարյանն անդրադարձավ նաև ՀԷՑ-ի պարտքը մարելու համար վերցրած վարկին. «ՀԷՑ-ը մասնավոր կառույց է, ինչու՞ պետք է պետությունը վարկ վերցնի դրա համար, իսկ տոկոսներն էլ փակի ժողովուրդը»:

 

Վերջում պարոն Չիլինգարյանը հորդորեց սպառողներին լինել ավելի ուշադիր, չվստահել հաշվիչների վրա գրված թվերին. «Սպառողն իրավունք ունի բողոքելու, հաշվիչը ստուգել տալու և իրավունքները պաշտպանելու համար վերահաշվարկ անելու պահանջով կարող է դիմել ՀԷՑ»: 

 

bottom of page