«Եթե ջրի մատակարարման որակի մեջ կա առաջընթաց, չի նշանակում, որ գինը պետք է բարձրացնեն»
«Սպառողների խորհրդատվություն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը եւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ջրի սակագնի բարձրացման մասին: Կարեն Չիլինգարյանը նշեց, որ քանի որ սակագինը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից՝ սղաճ, էլեկտրաէներգիայի սակագին եւ տարադրամի փոխարժեքը, ապա սղաճը գնի բարձրացման մեջ որոշակի դեր կարող է խաղալ. «Սակայն, մենք միշտ էլ դեմ ենք եղել այն բանին, որ սակագնի բարձրացումը տարադրամի փոխարժեքից պետք է կախված լինի: Ջուրը ներկրվող ապրանք չի, դա մեր սեփականությունն է:
Ցավոք սրտի, ժամանակին երբ պայմանագիրը կնքվել է ֆրանսիական ընկերության հետ, այնտեղ այդ կետը նշվել եւ ընդունվել է: Ինչո՞ւ այդ ժամանակ պայմանագրի տեքստում չի ընդունվել կորուստների նվազեցումը»: Պրն Չիլինգարյանը փաստեց, որ 2006 թվականից ջրի սակագինը գնալով բարձրանում էր: Պայմանագրով նշված էր, որ 5 տարի բարձրանալու է , 6-րդ տարում՝ 2011-ից իջնելու. «Ճիշտ է, 2011-ին իջավ, 2012-ին նույնը մնաց, 2013-ին էլ բարեբախտաբար իջավ: Այժմ նորից առաջարկում են, որպեսզի բարձրանա: Սա ուղղակիորեն պայմանագրի կետի խախտում է»: Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ գինը սահմանվում է հետեւյալ կերպ՝ ծախսեր, որոնք բաժանվում են քանակի վրա եւ ստացվում է միավորի արժեքը:
«Ծախսերը մեզ համար կասկածելի են, քանակը նույնպես կասկածելի է: Ջրառում կա 365 մլն խմ ջուր, իսկ մենք օգտագործում ենք դրանից միայն 60 մլն-ը, այսինքն՝ հստակ կարող եմ ասել, որ մոտ 80 տոկոս ջրի կորուստ կա»: Բանախոսները հայտնեցին, որ 5 սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայությամբ հանրային ծառայությունները կարգավորող մարմիններում ջրի սակագնի բարձրացման խնդրի շուրջ տեղի է ունենալու քննարկում. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գնի սակագնի բարձրացում չլինի»: Բանախոսներն այն կարծիքին են, որ վերջին մի քանի տարիներին ջրի որակը եւ մատակարարման քանակը լավացել է. «Սակայն, եթե ջրի մատակարարման որակի մեջ կա առաջընթաց, չի նշանակում, որ գինը պետք է բարձրացնեն»: