Ծանուցումների էլեկտրոնային տարբերակի ներդրում
2016 թվականի մարտի 4-ից ավտոմեքենաներերի սեփականատերերը ԱՊՊԱ վկայագրում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները:
Հարգելի քաղաքացիներ,
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 4-ից Ապահովադիրներն ԱՊՊԱ վկայագրերում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնցով հետագայում որպես Ապահովադիր և տուժող կիրականացվեն ԱՊՊԱ ոլորտում նախատեսված նրանց բոլոր ծանուցումները՝ ներառյալ կապված փորձաքննությունների և հատուցումների հետ: Նախաձեռնության նպատակն է մեկ տարվա ընթացքում ԱՊՊԱ ոլորտում ամբողջական անցում կատարել միայն Էլեկտրոնային եղանակով ծանուցումների գործընթացին՝ վերջնահաշվում հնարավորություն ստեղծելով ԱՊՊԱ պատահարի բոլոր կողմերին արագ և պատշաճ ստանալ ծանուցումներ, ինչպես նաև ապահովագրական հատուցման գործընթացի տևողությունը կրճատել 5-ից մինչև 10 օրով:
Ուստի, խնդրում ենք ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ներկայացնել այնպիսի էլեկտրոնային հասցե, որով կցանկանաք հետագայում ստանալ բոլոր ծանուցումները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մինչև ԱՊՊԱ պայմանագրի կնքումը ստեղծել էլեկտրոնային հասցեներ: Անհրաժեշտության դեպքում ապահովագրական ընկերություններն ու իրենց գործակալները կաջակցեն ձեզ նոր էլեկտրոնային հասցեներ գրանցելու համար:
Առանձնահատուկ ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձեր կողմից հայտարարված և ԱՊՊԱ վկայագրում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով ապահովագրական ընկերությունները և Բյուրոն Ձեզ իրականացնելու են ծանուցումներ, որոնք համարվելու են պատշաճ ծանուցումներ և այդ ծանուցումներով է պայմանավորված լինելու ձեր՝ հատուցման ենթակա գումարի չափի և մեղավորության հետ կապված հետագա բողոքարկման հնարավորությունները և իրավունքները: Համապատասխանաբար, խնդրում ենք ԱՊՊԱ պայմանագրի կնքումից առաջ ևս մեկ անգամ ստուգել և համոզվել, որ ձեր էլեկտրոնային հասցեն ԱՊՊԱ վկայագրում արտացոլված է ճիշտ, իսկ այն դեպքերում, երբ կհայտնաբերեք, որ ԱՊՊԱ վկայագրում էլեկտրոնային հասցեն սխալ է նշված կամ որևէ պատճառով պետք է փոխվի, ապա կարող եք դիմել ապահովագրական ընկերությանը կամ նրա գործակալին՝ ԱՊՊԱ վկայագրում փոփոխություններ կատարելու պահանջով: